ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

23.03.2021

ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Առաջին խաղողն ու առաջին գինեգործը

Արարատյան դաշտավայրի խաղողը լավագույնն է Կովկասում: Հիմնական խորհրդանիշն Արարատն է, և հենց այստեղ են ստեղծվել լեգենդար Արարատ հայկական կոնյակները:
Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար - Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:
Գինեգործության պատմական ավանդույթներ ունեցող պատմական Հայաստանում ժամանակակից արդյունաբերական գինեգործությունը, կոնյակագործության պատմությունն ու ավանդույթները սկիզբ են առել 1877թվականին,այն ժամանակ, երբ առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանը Հին Էրիվանի ամրոցի տեղում կառուցեց գինու և օղու առաջին գործարանը, և հենց այստեղ 1887թ նա սկսեց կոնյակի արտադրությունը: Ներսես Թաիրյանը կոնյակի արտադրությունը սկսել է իր հորեղբոր որդի, Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Թաիրովի խորհրդով և օգնությամբ:
Սակայն հայկական կոնյակի հիմնադիր Ն.Թաիրյանի կոնյակի արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նա դժվարանում էր կազմակերպել առաքումը, հետևաբար իր գործը վաճառեց մոսկովյան «Շուստով և որդիներ» ընկերության ղեկավար, խոշոր արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Վերջինս վերազինեց գործարանը և արտադրանքը շուկա հանեց: Կազմակերպեց նաև գովազդային մեծ արշավ: Արդյունքում Շուստովի արտադրանքն ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:
Հայկական կոնյակի առաջին հաջողությունը կապված է գինեգործներ Մկրտիչ Մուսինյանցի և Կիրիլ Սիլչենկոյի անվան հետ, որոնց ստեղծած «Ֆին Շամպան Ընտիր» առաջին հայկական տեսակավոր կոնյակը 1907թ. Բորդոյում կայացած ցուցահանդեսում ստացավ պատվավոր դիպլոմ և բրոնզե մեդալ:
Ժամանակակիցները Նիկոլայ Շուստովին անվանում էին « Կոնյակի արքա»: Նա 1902 թվականին Փարիզի ցուցահանդես անանուն կերպով ուղարկում է իր կոնյակի օրինակներից: Պրոֆեսիոնալ ժյուրին, միաձայն, Գրան -Պրի է շնորհում անհայտ գինեգործին: Երբ պարզ է դառնում,որ հաղթողը ֆրանսիացի չէ, բացառության կարգով Շուստովին թույլատրում են շշի վրա «Brandy»-ի փոխարեն գրել «Cognac»: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ օտարերկրյա գինեգործը կոնյակագործության ամբողջ պատմության մեջ, ով արժանացավ այդ արտոնությանը:
1912թ մի համտես-մրցույթի ժամանակ Նիկոլայ II Ցարը փորձեց Շուստովի կոնյակը և բարձր գնահատեց նրա յուրահատուկ որակը: Շուտով «Շուստով և որդիներ» ընկերությունը դարձավ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար, և հայկական կոնյակն այսպիսով մեծ ճանաչում ստացավ:
Հայկական կոնյակի փառքի մասին վկայում են միջազգային համտեսներում, ցուցահանդեսներում և մրցույթներում արժանացած բարձրագույն պարգևները, պատվավոր դիպլոմները, արծաթե, ոսկե մեդալները: Իսկ զանգը դարձավ «Շուստով և որդիներ» ընկերության խորհրդանիշը: Եվ այդ պատճառով նրանք միշտ ասում էին՝ «Մենք զրնգացնում ենք բոլոր զանգերը և ամբողջ աշխարհին պատմում մեր կոնյակի մասին»:
Մարգար Սեդրակյանի անվան հետ են կապված հայկական կոնյակի արտադրության աննախադեպ հաջողությունները` Խորհրդային Միությունում ստեղծված առաջին տեսակավոր կոնյակը` «Հոբելյանական»-ը, և մեկ այլ գլուխգործոց` «Դվին» կոնյակը: Այսպես հիմք դրվեց հայկական տեսակավոր կոնյակների հաղթարշավին, որոնք հետագայում համամիութենական և համաշխարհային համտեսներից և մրցույթներից բերեցին տասնյակ արծաթե և ոսկե մեդալներ, իսկ Մարգար Սեդրակյանին արժանացրին բարձր համբավի և «Վարպետաց Վարպետ» կոչմանը։
Այս ժամանակ ֆրանսիական թերթերը գրում էին, որ կոնյակագործության հրապարակ է դուրս եկել փայլուն տաղանդ: Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում կոնյակագործության չափերի ընդլայնման համար մշակվեցին հումքային ընտիր տեսակների խաղող աճեցնելու նոր տարածքներ, ամրացավ և զարգացավ կոնյակի գործարանը:
Հեղափոխությունից հետո Շուստովի ֆիրման անէացավ: Նրա Երևանյան տնտեսությունը 1920 թվականի օգոստոսին ազգայնացվեց և բոլշևիկների գալուստի հետ միասին այն վերածնվեց գինու և կոնյակի «Արարատ Տրեստ» անվամբ։
Յալթայի գագաթնաժողովի համար Կոնյակի գործարանը Հայաստանում արտադրեց հատուկ կոնյակ` «Դվին»: 1945թ Յալթայի կոնֆերանսի ընթացքում, Ուինսթոն Չերչիլը այնպես է տպավորվում Իոսիֆ Ստալինի նվիրած հայկական Դվին կոնյակով, որ հետագայում ամեն տարի բազմաթիվ անգամներ խնդրում է իրեն ուղարկել այդ կոնյակից: Ասում են, որ տարեկան մոտ 400 շիշ Դվին կոնյակ է ուղարկվել Չերչիլին: Երբ արդեն հասակն առած Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց երկմտելու պատասխանեց՝ «Երբեք մի ուշացեք ընթրիքից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:
40-ականների վերջին «Արարատ Տրեստին» սկսեց չբավարարել նախկին գործարանների և արտադրամասերի տարածքը, և միավորված կոնյակի և թորման արտադրամսերը 1953թ-ին տեղափոխվեցին հատուկ կոնյակի արտադրության համար կառուցված նոր գործարան` «Երևանի Կոնյակի Գործարան», որը մինչև 1991թ. միակ հայկական կոնյակ արտադրող ընկերությունն էր:
1998-ից սկսած «Երևանի Կոնյակի Գործարանը» դարձավ «Pernod Ricard» խմբի անդամ: